пятница, 12 октября 2012 г.

Նրա տարերքը բալետն է (ռեպորտաժ)



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xCqq0jM5yG8


Վաղը աշխարհը նշում է պարի միջազգային օրը: Տեսանյութի հերոսուհու համար ապրիլի 29-ը առնձնահատուկ չէ:
Պարով նա ապրում է ամեն օր, նրա տարերքը բալետն է:
Պարում է 6 տարեկանից և այնքան համառ է, որ շարժումների լեզվին փորձում է տիրապետել կատարելապես:



Աննա Փորսուղյան

Մնջախաղի լեզուն չունի հայրենիք (ռեպորտաժ)


http://www.youtube.com/watch?v=WehiBwxi-AY

Ասելիքը ներկայացնել ոչ թե խոսքի, այլ շարժումների միջոցով: Մնջաղախացի համար բեմում ամենակարևորը տրամադրություն ստեղծելն ու փոխանցել է:
Լեոնիդ Ենգիբարյանից հետո թվում էր` հայկական մնջախաղը ոչ մի նոր բան ասել չի կարող:
Սակայն այսօր հայկական մնջախաղի պատմությունը ոչ միայն շարունակում այլեւ նոր ասելիքով հանդես է գալիս «Միմ ստուդիո»-ն:
Աննա Փորսուղյան

Սոցիալական ցանցերը` որպես նոր մեդիա կրիչներ



Սոց ցանցերի ու բլոգների երեկն, այսօրն ու վաղը` բլոգեր Վարդան Պապիկյանի հետ հարցազրույցում



Սոցիալական ցանցերը կարո՞ղ են հանդես գալ որպես այլընտրանքային ԶԼՄ:

- Սոցիալական ցանցերը ինչ-որ տեղ կարող են ծառայել որպես այլընտրանքային լրատվության աղբյուր: Պետք է հաշվի առնել նաև, թե ինչ ընկերական շրջապատ ունես ցանցում, որովհետև ստանում ես այդ շրջապատին բնորոշ լրատվական հղումներ, կարծիքներ ու մեկնաբանություններ: Բացի այդ ցանցերում մեծ թիվ են կազմում նաև բլոգերների տարածած նյութերը:

Այս դեքպում տեղեկատվության հոսքը սոցիալական ցանցերում դառնում է անկառավարելի: Սա դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է:

- Նայած որ տեսանկյունից ենք նայում: Սովորական մարդու համար դրական է, որովհետև նա ստանում է բազմակողմանի տեղեկատվություն, ոչ լրագրողի կողմից ստեղծված: Այս տեղեկատվությունը միաժամանակ խառնվում է նաև լրատվամիջոցների լրատվության հետ և փորձառու աչքն արդեն հասկանում է` որտեղ ինչ լրատվություն գնաց:

Սոցիալական ցանցերը հասանելի են բոլորին, այս դեպքում խնդիրներ կարող են առաջանալ տեղեկատվական անվտանգության հետ:

- Տեղեկատվական անվտանգության իմաստով խնդիր կա, ինչ-որ չափով այդ ամենը կառավարելի է, ինչ-որ չափով էլ` ոչ, որովհետև չես կարող ամբողջ բնակչության բռնել ու սովորեցնել ինչը կարելի է և ինչը ոչ: Առանց գիտակցելու մարդիկ կարող են տեղեկատվություն տարածել, որը կարող է դառնալ, օրինակ ադրբեջանական պրոպագանդա: Այստեղ արդեն գալիս է մեդիա կրթության խնդիրը:

Ի՞նչ միջոցներ կան կանխելու նման զարգացումները:

- Կա համատարած պրոպագանդա անելու եղանակը, սկսած սովորական սեմինարներից մինչև դասախոսություններ, որը նաև լրատվամիջոցներով պետք է հասցնել մարդկանց: Նման միջոցառումներ արվում են, սակայն արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չի:

Ի՞նչ կասեք հայկական սոցիալական ցանցերի մասին:

- Միակ մեծը HayLand.am-ն է, որն այնքան էլ չեմ համարի ինչ-որ սոցիալական մեդիայի տարածման հարթակ: Նրանք դեռ զարգացման փուլում են: Մենք դեռ շատ փոքր լսարան ունենք, որպեսզի մեր սոցիալական ցանցերը մեծ դեր խաղան: Բացի HayLand.am-ից կան նաև ուրիշ հայկական սոցիալական ցանցեր` myfriends.am, amigo.am և այլն, բայց սրանք զուտ զվարճանքի համար են, իրար հետ խոսելու և իրար խոսեցնելու նպատակ հետապնդող ցանցեր են, այսինքն սրանց միջոցով տեղեկատվություն տարածելն ու ստանալը կազմում է երևի 1%:

Հայկական օն-լայն լրատվամիջոցները ինտեգրվո՞ւմ են նաև հայկական սոցիալական ցանցերին, օրինակ` HayLand-ին:

- Դա ևս թույլ է զարգացած, այսինքն զարգացման փուլում են: Կա նաև armenix.com հայկական միկրոբլոգային համակարգը, որտեղ նույնպես կան ինտեգրված լրատվամիջոցներ: Բլոգները նույնպես տարածում են տեղեկատվություն, ինչպես նաև ստանում են, սակայն դա էլ իր հերթին դեռ զարգացման փուլում է:

Կան դեպքեր, երբ լրատվամիջոցները սոցիալական ցանցերին մրցակիցներ են համարում: Իրականում ինչպե՞ս ճիշտ օգտագործել սոցիալական ցանցերը լսարան նվաճելու համար:

- Ցանկացած մեդիա կրիչ էլ` թերթ, ամսագիր, հեռուստատեսություն, եթե ստեղծվում է մեկ այլ կրիչ, նորություն, նախանձով է վերաբերվում դրան: Սա բնական է: Սակայն այս նոր մեդիան թույլ է տալիս օգտագործել իրեն` քո դիրքերը ամրապնդելու համար… արևմտյան լրատվամիջոցները արդեն վաղուց հասկացել և օգտագործում են այս փաստը, քանի որ իրենց լսարանի մեծ մասը նստած է ինտերնետում և այստեղից է իր համար անհրաժեշտ ինֆորմացիա գտնում:

Իսկ որո՞նք են սոցիալական ցանցերի և բլոգների առավելությունները:

- Որոշ դեպքերում սոցիալական ցանցերն ավելի օպերատիվ և անկախ են լինում և մի քանի անգամ գերազանցում են ԶԼՄ-ներին տեղեկատվության տարածման հարցում: Մինչև լրագրողը գրում է հոդվածը, խմբագրում և այլն, սովորական մարդը կարող է դեպքի վայրից իր հեռախոսով փոխանցել ինֆորմացիան` նկարով, վիդեո տարբերակով, տեքստով և ամենայն մանրամասնություններով: Սակայն այստեղ էլ խնդիր է առաջանում տեղեկատվության ճշմարտացիության հետ կապված, բայց եթե միաժամանակ հազար մարդ դնում է այդ ինֆորմացիան իր էջում, ուրեմն այն կարելի է հավաստի համարել:

Հ.Գ. Բլոգոսֆերան և սոցիալական ցանցերը Հայաստանում սկսեցին ակտիվանալ 2007 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ, երբ փակվեցին մի շարք լրատվամիջոցներ: Ցանկացած նման առիթ խթան է հանդիսանում այլընտրանքի ստեղծման համար: Ճիշտ է այն ժամանակ դրանք միակողմանի էին` տալիս էին միայն քաղաքական և սոցիալական թեմաներով տեղեկատվություն, սակայն հետո ամեն ինչ փոխվեց: Այսօր թեմաները բազմազան են գլամուրից մինչև պատմվածքներ:



Աննա Փորսուղյան 




Ինչո՞ւ չեն աշխատում հայկական սոցիալական ցանցերը



«Հայ Բլոգերների Համայնք» նախագծի հեղինակ Հայկ Մելքոնյանը կարծում է, որ մի երկու տարի հետո հայկական սոցիալական ցանցերը կդադարեն գոյություն ունենալ. մանրամասն ստորև` հարցազրույցում:

Ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ ժամանակակից հայկական սոցիալական ցանցերին:

-Մի անգամ եմ մտել HayLand.am, գրանցվեցի ու հիասթափված եմ. էլ երբեք չեմ մտել իմ էջ: Դա հենց HayLand-ի ստեղծման առաջին տարին էր: Ահավոր անհարմար էր: Odnoklassniki-ին copy-past արած կայք էր: Կարծում եմ` իմաստ չունի ուրիշ սոցիալական ցանցը, այն էլ ազգային, եթե որևէ յուրահատուկ տարբերվող բան չի առաջարկում իր օգտվողներին. մերոնք ոչ մի ունիկալ ծառայություն չունեն օգտվողների համար, հիմնականում կրկնօրինակվում է:Շ

HayLand-ի ղեկավարը կարծում է, որ իրենց ունիկալությունը «հայկականությունն» է:

- Իսկ հետաքրքիր է իմ ինչին է պետք հայկականությունը, եթե ես չեմ գտնում այնտեղ այն, ինչ ինձ պետք է սոցիալական ցանցից: Ես Ֆեյսբուքից այնքան ինֆորմացիա եմ օրվա ընթացքում իմանում, որ առավոտից իրիկուն հեռուստատեսություն նայելով էլ չէի իմանա, բացի այդ նոր մարդիկ, նոր շրջապատ, մեծ հնարավորություններ խումբ սարքել ու promo անել քո նախագծերը, գաղափարները, կարող ես բիզնեսդ առաջ տանել:

Հաշվի չե՞ք առնում, որ հայկական սոցիալական ցանցերը նոր են զարգանում:

- Էլի թող զարգանան, բայց ինչի հենց այն նույն ճանապարհով, ինչ որ անցել է Ֆեյսբուքը: Եթե միայն կրկնօրինակեն, վաղ թե ուշ փակվելու են, իսկ ունիկալ և հետաքրքիր կլինեն, եթե բովանդակությամբ տարբերվեն:
Բովանդակությունը նույնը չի, գուցե տեխնիկական հնարավորությունների կրկնօրինակում կա, բայց բոլոր ցանցերն էլ իրար նման են:

VKontakte.ru-ն էլ Ֆեյսբուքի կրկնօրինակն է, բայց ունի մեծ ճանաչում և մեծ լսարան:

- Այստեղ կա ռուսական լսարանի գործոնը: Այն անհամեմատաբար մեծ է հայկականից:

Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն հայկական սոցիալական ցանցերը շուկա նվաճելու համար:

- Երբ որևէ ապրանք շուկա է մտնում, որպեսզի հաջողություն ունենա, պետք է ունենա «ունիկալ մրցակցային առավելություն», այսինքն` որևէ արժեքավոր հատկանիշով տարբերվի նույն պահանջմունքը բավարարող այլ ապրանքներից: Նույնն էլ սոցիալական ցանցը, եթե ուզում է պոպուլյար դառնալ, պետք է ունիկալ մի հատկանիշով մյուսներից տարբերվի:

Ձեր բլոգն ունի այդ հատկանիշը:

- Իմ բլոգը թեմատիկ է` մարկետինգի ու վաճառքների մասին: Այնքանով է ունիկալ, որ այսօր ինտերնետում կա հայերեն կոնտենտի խնդիր, այսինքն չկա հայերեն որակյալ բովանդակություն համացանցում ու դրա համար էլ իմ բլոգը մարկետինգի ոլորտում առաջինն էր, որ հայերեն էր:

Հայերեն լինելը հայկական սոցիալական ցանցի համար կարող է՞ լինել ունիկալություն:

- Ոչ, քանի որ Ֆեյսբուքն այսօր հասանելի է նաև հայերենով, ուշացել են, համ էլ հայերենի առկայությունը բովանդակության ունիկալություն չի բերում:

Չե՞”ք կարծում, որ բովանդակությունը գալիս է օգտվողներից:

- Ոչ միայն: Դա գալիս է և կայքի տեխնիկական հնարավորություններից և ընդհանրապես ցանցի թեմատիկայից:

Սոցիալական ցանցի թեմատիկան ո՞րն է:

- Ասենք Odnoklassniki.ru-ն` համադասարանցիներ որոնելու կայք :))

HayLand-ը` աշխարհի հայերին համախմբելո՞ւ կայք :)

- Ինչի համար է հավաքում, առաքելությունը որն է, իսկ, միգուցե, ես ուզում եմ շփվել ոչ միայն հայերի հետ:

Ինչ-որ առաջարկ կարող եք անել մեր սոցիալական ցանցերի ղեկավարներին:

-Թող փորձեն այնպիսի մի ֆունկցիա, մի առաքելություն, նպատակ դնել սոցիալական ցանցի հիմքում, որ ինձ հետաքրքրի ու ես օգտվեմ դրանից:

Ձեզ ինչը՞ կհետաքրքրի որպես հայկական լսարանի անդամ:

- Չգիտեմ: Երևի մասնագիտական սոցիալական ցանցը, ասենք LinkedIn.com-ի պես:

Փաստորեն, կարծում եք, ներկա վիճակով հայկական սոցիալական ցանցերը մրցունակ չե՞ն կարող դառնալ:

- Մի երկու տարուց կփակվեն :))


                                                                                                                               Աննա Փորսուղյան

«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան



Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար:

Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչ-որ մասնագիտության տերդառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը: 


- Չէ, դերասան դառնալս կարելի է ասել եղավ շատ պատահական: Միշտ տարբեր բնագավառներում փորձել եմ ինձ գտնել: Բայց ամեն տեղ էլ, երբ ասել եմ անուն ազգանունս` Հրաչյա Ներսիսյան, միշտ հարցրել են կապ ունե՞մ դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ, կամ ինձ երբևէ փորձե՞լ եմ պատկերացնել դերասան… Եվ նման արձագանքներից իմ մեջ էլ սկսեց կամաց-կամաց հասունանալ այն միտքը, որ հնարավոր է տեղս իսկապես բեմում է:


Փաստորեն անուն ազգանունդ կյանքումդ որոշակի դեր խաղացել է՞:

- Կարծում եմ, այո, անգամ մի պատմություն կարող եմ պատմել: Երբ 12 տարեկան էի , թատրոնում պատահաբար հանդիպեցի մեծ դերասան Խորեն Բաբկենիչին, երբ մեզ ծանոթացրեցին ու ինձ ներկայացրեցին, նա շրջվեց, նայեց ինձ, գլուխս շոյեց ու ասաց. «Կարողանալո՞ւ ես անունդ պահել…» , ասացի. «Կփորձեմ»: Ու հիմա փորձում եմ…

Առաջին քայլերիդ մասին կպատմե՞ս:

-Թատրոն մուտք եմ գործել մի շատ փոքրիկ դերով: Միշտ շատ եմ սիրել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը և ընկերս այնտեղ էր խաղում, մի անգամ խոսում էինք, որ մեծ սիրով ինչ-որ դեր կխաղայի, նա էլ միջնորդեց, որ հայտնվեմ թատրոնում և փոխարինեմ մի կերպարի, որի դերակատարը զբաղված էր և այլևս թատրոնում չէր աշխատում: Դե ես էլ որոշեցի փորձել: Հայտնվեցի թատրոնում, փորձեցի և մնացի:

Չնայած փոքրիկ դերով, բայց առաջին անգամ բեմ բարձրացար, ի՞նչ զգացիր:

-Վայ, զգացմունքներս խառնվել էին իրար… երջանկություն, ուրախություն, վախ… հանդիսատեսի շունչը. չէ՞ որ վերջիվերջո դերասանին ոչինչ պետք չէ, բացի հանդիսատեսի արձագանքից, իսկ ինչ վերաբերում է դերին, այն չեմ կարող ասել, բայց ինձ համար ուրիշ էր ու հետագայում ինչ էլ խաղամ ինձ համար միևնույն է ամենամեծը կլինի դա:

Ինքդ լինելով թատրոնի դերասան` երբևէ մտածել ես կինոյում նկարահանվելու մասին կամ նման առաջարկություն ստացե՞լ ես:

-Առաջարկություն ստացել եմ և նկարվել եմ, փոքրիկ դրվագներով թե՛ ֆիլմում թե՛ սերիալում: Բայց եթե անկեղծ լինեմ ու նաև հիշեմ Մ.Մկրտչյանի խոսքերը, որ. «Թատրոնը կինդ է, կինոն` սիրուհիդ, ինչ էլ լինի վերջում մեկ է, տուն ես գնալու…», կասեմ, որ ճիշտ է, կինոն շատ սիրում ու հարգում եմ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը:

Շատ դերասաններ ասում են, որ կա «դերի մեջ մտնել» հասկացողությունը, իսկ քեզ մոտ ի՞նչպես է, դու մտնում ես դերի մեջ, թե դերն ես վերագրում քեզ, նմանացնում ինչ-որ տեղ:

Միշտ էլ ինչ-որ բանով կերպարդ նմանեցնում ես քեզ, բայց չես կարող խաղալ կերպար, որը լրիվ դու ես: Ասեմ, որ դա դերասանին ավելի շատ կխանգարի: Կերպարի մեջ մտնելը պրոցես է, որ անկախ քեզանից բեմում դառնում ես ուրիշ մարդ: Այստեղ գոյություն ունի տեխնիկա և վերապրում: Ինձ ավելի հոգեհարազատ է վերապրումով մոտենալ դերին:

Կան դերասաններ, որ ասում են, եթե լինես լավ դերասան բեմում, կյանքում այդպիսին չեսկարող լինել, քեզ մոտ ի՞նչպես է, կարող ես կյանքում էլ դերասան լինե՞լ:

-Ես չեմ կարողանում կյանքում խաղալ…. միայն բեմում, կարող է նայեն, ասեն` դերասան է , ինչ-որ ժեստից կամ խոսելու ձևից, բայց կյանքում դերասան չեմ:

Դերասան լինել ու դերասանություն անել, ըստ քեզ տարբերությունը ո՞րն է:

-Դերասանություն բոլորն էլ կարող են անել, թեկուզ իրենց շահի համար: Ասում են` դերասան չեն դառնում, դերասան ծնվում են, և կարծում եմ` իսկական դերասանը դերասանություն չի կարող անել, իսկ դերասան լինելը դա արդեն դերասանության հետ կապ չունի, քանի որ ամեն մեկը չի, որ դերասան է ծնվում:

Եղե՞լ են կամ կա՞ն դերեր, որոնցից սկզբունքորեն կհրաժարվես:

-Ոչ նման բան չի եղել, և հետո էլ կարծում եմ` դերասանի համար չկա որևէ անհնար դեր:

Շատ դերասաններ երազում են խաղալ «Համլետ», իսկ քո երազած դերն ո՞րն է:

-Ես կտարբերվեմ շատերից… դեռ դպրոցական տարիքից շատ եմ սիրել ու բազմիցս կարդացել եմ «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Շատ կցանկանայի խաղալ Ռոմեո, չնայած կամաց-կամաց տարիքս անցնում է Ռոմեոյի տարիքից: Հիմա բավարավում եմ ինձ վստահած դերերով:

Աննա Փորսուղյան

Բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են սոցիալական ցանցերը

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին բլոգերները ճանաչում են իր Kornelij Glas բլոգով: 2005 թվականից նա Livejournale-ում վարում է այս բլոգը: Ստորև հարցազրույցում ներկայացնում ենք նրա տեսակետը բլոգոսֆերայի ընկալումների և զարգացումների մասին:




Արդեն 6 տարի է` վարում եք այս բլոգը: Ի՞նչ եք կարծում բլոգը կարող է հանդես գալ որպես այլընտրանք ավանդական ԶԼՄ-ներին

- Նախ պետք է տարբերակել զուտ անհատական բլոգները և այն բլոգները, որոնք վարում են, այսպես ասենք` «հանրության համար»: Պարզ է, որ երկրորդ տիպի բլոգները յուրահատուկ ԶԼՄ են և կարող են լինել տեղեկատվության աղբյուր, առավելևս, որ ինչ-որ դեպքերում բլոգները կարող են լինել ավելի օպերատիվ, այնպես որ բլոգը կարող է դառնալ այլընտրանքային տեղեկատվության աղբյուր:

Ձեր բլոգը ո՞ր տիպին եք դասում

- Ճիշտն ասած ինձ մոտ դա եղավ ինքնաբերաբար: Մինչև 2008 թվականի մարտի 2-20-ը ես մտածում էի, որ գրում եմ ծանոթ և մի քիչ էլ անծանոթ բլոգերների համար: Իսկ այդ օրերին հասկացա, որ ինձ կարդում են բոլորովին անծանոթ մարդիկ: Այնպես որ, ինքնըստինքյան, առաջին տիպի բլոգերից դարձա երկրորդ տիպի:

Որո՞նք են համարվում լավ աշխատող բլոգներ: Այսինքն` կա՞ն ինչ-որ չափանիշներ

- Չափանիշը նույնն է ինչ-որ ԶԼՄ-ում: Օրինակ` ինչպես ենք իմանում տվյալ լրատվամիջոցը լա՞վն է, թե՞` ոչ: Ինքներս ենք կարդում, հետո նայում ենք, թե ինչ հղումեր կան, որքանով է վստահելի տեղեկատվությունը և այլն: Ինչ-որ սկզբունքային տարբերություն չկա, միայն կան տարբեր նյուանսներ: Օրինակ` կան բլոգերներ, որոնք անանուն են, չեն ուզում բացահայտվել: Իրենց հանդեպ վստահությունը բնականաբար ավելի դժվար է ձևավորվում:

Երբվա՞նից սկսեց ձևավորվել բլոգոսֆերան Հայաստանում:

- Բլոգոսֆերան ՀՀ-ում ձևավորվել է 2006-2007 թթ-ին: Թափ ստացավ նախագահականի նախընտրականին: Իսկ լուրջ հասարակական ազդեցություն ունեցավ առաջին անգամ 2008-ի մարտի 2-20-ը, երբ համացանցը ֆիլտրվում էր, տպագիր մամուլը գրաքննվում, և մարդիկ հայտնաբերեցին ցանցում բլոգերների , որոնք ազատ գրում էին ամեն ինչից և դարձել էին լուրջ տեղեկատվության աղբյուրներ` փոխարինելով ԶԼՄ-ներին:

Հետևու՞մ եք արտասահմանյան բլոգերներին:

- Իհարկե, իմ ընկեր բլոգերներից շատերը արտասահմանից են, ինչպես նաև` ընթերցողներիս երկու երրորդը:

Ի՞նչ տարբերություններ եք նկատում հայ բլոգերների հետ համեմատած:

- Այդպես բարդ է ասել: Ամենուր բլոգերները իրենց ներքին խնդիրներից են գրում, կամ եթե գրում են ընդհանուր թեմաներից, երանգավորում այնուամենայնիվ լինում է:

Հայաստանում նախապայմաններ կա՞ն բլոգոսֆերայի զարգացման համար` որպես այլընտրանքային լրատվամիջոց:

- Դե այդ ուղղությամբ որ գնանք կխճճվենք, քանի որ բլոգները և բլոգոսֆերան հենց դրանով են յուրահատուկ, որ կարող են ցանկացած ուղղությամբ զարգանալ: Բայց հայկական բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են հիմնականում սոցիալական ցանցերը, որոնք մարդկանց բլոգներից տանում են օրինակ` Ֆեյսբուք:


Աննա Փորսուղյան

суббота, 3 декабря 2011 г.

«Ոնց որ սպիդ լինես ու գաս զոռով ինձ վարակես». Արա Գեւորգյանը լկտիության մասին


 Այսօրվա մեր ժամադրության հյուրն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, երաժիշտ և երգահան Արա Գևորգյանը: Հետաքրքիր մանկություն և բուռն երիտասարդություն ապրած  երաժիշտը խոսեց այսօրվա երիտասարդության խնդիրների մասին:
Պատմեք Ձեր մանկության տարիների, սիրած խաղերի մասին:
-Մեծացել եմ Կոնդում և մանկության տարիներս ավելի շատ անցել են Մանկական երկաթուղում, որտեղ ընկերներով հավաքվում և բազմաթիվ խաղեր էինք խաղում: Դրանցից կարող եմ առանձնացնել հայկական ավանդական այն խաղերը, որոնք ունեին նաև դաստիարակչական բնույթ`  ղայիշ լախտի, ճան, չլիկ-դաստա: Մանկական խաղերը հոյակապ միջոց են երեխաներին կրթելու, դաստիարակելու համար, քանի որ այդ խաղերի մեջ չի երևում հարուստի կամ  աղքատի երեխան, բոլորը հավասար են և այդպիսով ձևավորվում է  մտերմիկ մանկական ընկերություն, ինչը ցավով պետք է ասեմ, որ այսօր չկա: Հիմա ավելի տարածված են համակարգչային խաղերը, չկան բակային խաղեր, չկա  ընկերություն: Մենք պետք է կարողանանք վերականգնել այդ խաղերը: Ես բազմիցս նման առաջարկներով հանդես եմ եկել: Առաջարկել եմ դպրոցներում մտցնել բակային խաղերի ուսուցում առարկան:
Իսկ  այդ առարկան դասավանդելու փորձեր արվե՞լ են:
-Այո, չորս տարբեր դպրոցներում մտցվել է այդ առարկան: Աբովյանի համար 7 , Նորագավիթի համար 1,   համար 31  և Մայքլ Գանյանի անվան դպրոցներում: Տնօրենները շատ գոհ էին, քանի որ նման խաղերը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական մեծ նշանակություն ունեին երեխաների համար: Իմ տեղեկություններով՛ այժմ այդ առարկաները այլևս չեն դասավանդվում:
Ունեք խաղալիքների մեծ հավաքածու, կպատմե՞ք այդ մասին:  
-Փոքր ժամանակ, երբ խաղալիք էի նվեր ստանում, անպայման կոտրում էի, որ տեսնեմ` մեջն ինչ կա, բայց վերջին շրջանում վերաբերմունքս փոխվեց խաղալիքների հանդեպ և սկսեցի դրանք հավաքել: Մայրս, ընկերներս կամ ես, եթե արտասահման էինք գնում, անպայման խաղալիք էինք բերում, և այդպես իմ հավաքածուն գնալով մեծացավ: Երբ ես արդեն հայտնի էի իմ հավաքածուով, իմ խաղալիքները ցուցադրվեցին ռուսական, արտասահմանյան և հայկական հեռուստաալիքներով: Այսինքն` բոլորն իմացան այդ մասին և երբ ես իմ առաջին համերգն ունեցա  Լոս Անջելոսում, ես տասնվեց արկղ խաղալիք նվեր ստացա ու հենց այնտեղ էլ խոստացա , որ երբ վերադառնամ Երևան, այս խաղալիքները կնվիրեմ որևէ մանկապարտեզի: Այս ավանդույթի հիմքը դրվեց 1999 թվականին և մինչ այսօր ամեն տարի որևէ մանկապարտեզ իմ կողմից խաղալիքներ է նվեր ստանում:
Ի՞նչ է Ձեզ համար երիտասարդությունը, տարի՞ք, թե՞ հոգեվիճակ: 
-Ես տարիքի հետ ընդհանրապես գործ չունեմ, քանի որ ինձ նայողը երբեք չի իմանա քանի տարեկան են, թեպետ արդեն 51 եմ: Տարիքը անձնագրի հետ չեմ համեմատում: Կան երիտասարդներ, որոնք արդեն վաղուց ծերացել են:
Լինելով դասախոս և շփվելով այսօրվա երիտասարդության հետ` ի՞նչ կարող եք ասել երիտասարդության մասին:
-Պահ կա կարող եմ շատ ուրախ բաներ ասել, պահ էլ կա` շատ տխուր և սարսափելի: Սակայն այսօրվա երիտասարդությանը չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև նրանց ծնողներին: Ժամանակն էր մեղավոր, որ այդպիսինն էր: 20-25 տարեկանները մեծացել են դժվար և մշակութային կյանքից կտրված իրականությունում: Սակայն կան երիտասարդներ, որոնք զարմանալի խելացի են և առաջ գնացած, բայց նրանց կողքին կան այնպիսինները, որոնք, օրինակ` ի  վիճակի են համալսարան գալ սպորտային համազգեստով: Դրանք մարդկային մի տեսակ են, որ մեր քաղաքը երբեք չէր տեսել: Օրինակ` կարող են գալ և ասել . «Ձեր մուզիկան ի՞նչ մուզիակա ա որ, մի հատ թուրքականը լսեք, տեսեք` ինչ ցենտր մուզիկա ա»: Կամ էլ ուսանողներ կան , որ ասում են . «Ընկեր  Գևորգյան, եթե մի քիչ ադրբեջանական խաղեր ես ավելացնում հայկական մուզիկային, ավելի լավն ա դառնում»: Անհասկանալի է` ովքե՞ր են այդ մարդիկ, որտեղի՞ց են եկել: Բա ո՞ւր մնաց ձեր թասիբը, ձեր հայրենասիրությունը,  ձեր նամուսը: Դա նույն բանն է, ինչ վերցնես ու մերսեդեսի վրա 06-ի հայելի դնես: Կամ առաջ, ե՞րբ կտեսնեիր, որ տղան ականջողով դուրս գար փողոց: Միշտ էլ նման բաներ եղել են, բայց առաջ լկտի չէին:
Ի՞նչ եք կարծում ինչպես կարելի է փոխել, կրթել նման երիտասարդներին:
-Ես կարծում եմ` պետք է սանձել նրանց լկտիությունը: Եթե դու հիվանդ ես, ես կհարգեմ քեզ ու քո հիվանդությունը: Մարդ ես, բայց հիվանդ ես: Իսկ եթե դրա հետ մեկտեղ լկտի ես, ապա ոնց որ  սպիդ լինես ու գաս զոռով ինձ վարակես, փողոցում ուզենաս բոլորին վարակել: Պետք է մաքրել հասարակությունը այդ վարակից:

Աննա Փորսուղյան